Overview

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության և տնտեսական աճի խթանմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր

Հրապարակման ամսաթիվ՝ 2025թ․ հունվարի 15

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ շարունակական հիմունքներով 2025թ․ հունվարի 15 – 2025թ. դեկտեմբերի 31

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2025/004-Tourism-Transformation ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ տրամադրելու իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ, որոնց նպատակն է խթանել տնտեսական աճը և զբոսաշրջության ոլորտի մրցունակությունը՝ խրախուսելով բարձրորակ, յուրօրինակ զբոսաշրջային փորձառությունների ստեղծումը և ընդլայնելով Հայաստանում առկա զբոսաշրջային առաջարկները։ Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:

«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրն իրականացրել է զբոսաշրջության արժեշղթաների խորը վերլուծություն՝ հիմնվելով դրանցում արտահանման ավելացման, ներդրումների մոբիլիզացման և աճի խթանման ներուժի վրա: Այս վերլուծությունների հիման վրա հետևյալ ենթաոլորտները բացահայտվել են որպես նպատակային միջամտության ուղղություններ և հանդիսանում են այս ՏԾՀ-ի թիրախ՝
1. Խոհարարության և գինու զբոսաշրջություն (գաստրոտուրիզմ / էնոտուրիզմ)
2. Արկածային և բնահենք զբոսաշրջություն
3. Արվեստի և մշակութային զբոսաշրջություն

Այս դրամաշնորհային ծրագրով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի հզորացնել Հայաստանի զբոսաշրջային ձեռնարկություններն ու կազմակերպությունները՝ աջակցելով ողջ երկրի տարածքում զբոսաշրջային առաջարկներն ընդլայնող և դիվերսիֆիկացնող նախաձեռնություններին։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել կենսակայուն զբոսաշրջության ոլորտի կայացմանը՝ աջակցելով փոխակերպող նախագծերին, որոնք խթանում են վաճառքը, ավելացնում արտահանումը և ընդլայնում զբոսաշրջային ծառայությունների և փորձառությունների շրջանակը: Զբոսաշրջային ծառայությունների արտահանումը սահմանվում է որպես տեղական ծառայությունների և առաջարկների վաճառք օտարերկրյա այցելուներին Հայաստանի տարածքում: Դրան հասնելու համար «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կխթանի նոր, նորարարական, ստեղծագործական և յուրօրինակ զբոսաշրջային փորձառությունների զարգացումը, կբարելավի առկա առաջարկները և կընդլայնի ծառայությունների բազմազանությունը Հայաստանի խոհարարության և գինու, արկածային և բնահենք , արվեստի և մշակութային զբոսաշրջության ոլորտներում: Այդ նպատակով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը հրավիրում է Հայաստանի զբոսաշրջային առաջարկի հարստացումն ու դիվերսիֆիկացումը կարևորող կազմակերպություններին ունենալ իրենց ներդրումը՝ նախագծելով և իրականացնելով նոր, դինամիկ, յուրօրինակ փորձառություններ թիրախային ենթաոլորտներում:

Զբոսաշրջային փորձառությունը գործունեության, գործողությունների և փոխազդեցությունների համադրություն է, որը նախատեսված է զբոսաշրջիկներին ներգրավելու կլանող և գայթակղիչ փորձառությունների մեջ, որոնք համատեղում են ճանաչողությունը, փորձարկումը և մշակութային բացահայտումները: Այն ներառում է գործնական կամ տեսական ուսուցում, աշխատարաններ կամ դասընթացներ, որոնք ղեկավարում են տարբեր բնագավառներում մասնագիտական գիտելիքներ կամ հմտություններ ունեցող անհատներ, օրինակ՝ մշակույթ, խոհանոց, ձեռագործություն, արվեստ կամ այլ ոլորտներ: Այս փորձառությունները մատուցվում են հմտությունների փոխանցման կամ ցուցադրման համար հատուկ հարմարեցված միջավայրերում և զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս ձեռք բերել գիտելիքներ կամ զարգացնել հմտություններ՝ միաժամանակ խորացնելով նրանց կապը Հայաստանի կամ նրա ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության և ավանդույթների հետ: Զբոսաշրջային փորձառությունը միավորում է բոլոր հարակից բաղադրիչները, ներառյալ գործունեությունը, բովանդակությունը և ենթակառուցվածքները, ստեղծելով ամբողջական և վաճառելի առաջարկ, որը մեծացնում է ինչպես առանձին փորձառության, այնպես էլ տվյալ զբոսաշրջային ուղղության արժեքը:

Ընթացիկ իրականացվող նմանատիպ ծրագրերը, ինչպես նաև հետընթաց/ռետրոսպեկտիվ ծախսերը չեն կարող ֆինանսավորվել սույն ՏԾՀ-ով։

Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $30,000-ից մինչև առավելագույնը $150,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի ֆինանսական մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 10-20%՝ կախված հայտատուի իրավակազմակերպական տեսակից, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Դրամաշնորհառուները կկարողանան ԱԱՀ-ից ազատում հայցել դրամաշնորհի շրջանակում կատարվող իրավասու ծախսերի համար: Հաստատվելու դեպքում ԱԱՀ հարկազատման գրությունները կտրամադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս դրամաշնորհի պայմանագրի ստորագրման օրվանից՝ մեկնարկելով 2025թ. մարտի 1-ից հետո և ավարտվելով 2027թ. մարտի 1-ից ոչ ուշ։

Required Qualifications:
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով։

Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2025/004-Tourism-Transformation ծածկագիրը։

ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ [email protected] էլ․հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.